Շաբաթ օրը բռնցքամարտի չափազանց գեղեցիկ տոնահանդես էր ամերիկյան հայտնի Լաս Վեգաս քաղաքում, որտեղ օրվա գլխավոր մարտը մեր հայրենակից, երեսուներկու անպարտ մարտերի շարան ունեցող (քսանը` նոկաուտով) Վանես Մարտիրոսյանի ու կուբացի Քրիսլենդի Լարայի հանդիպումն էր առաջին միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնական թափուր տիտղոսի համար: Սակայն նախ մի երկու խոսք օրվա գեղեցկությունը պայմանավորած, նոկաուտով ավարտված չորս մարտից երկուսի մասին:
Առաջին հիշարժանը ամերիկացի Ջեսի Մագդալենոյի ու մեքսիկացի Խոսե Սիլվեյրոյի դիմակայությունն էր: Մարզիկները ներկայացնում էին 55,2 կգ քաշային կարգը, որտեղ նոկաուտներն այնքան էլ հաճախակի երևույթ չեն: Ընդամենը մեկ ռաունդ պահանջվեց քսանմեկամյա Մագդալենոյից փորձառու մրցակցին գետնելու համար: Ակնհայտ է, որ, ի դեմս այս մարզիկի, բռնցքամարտի աշխարհ է մուտք գործել չափազանց տաղանդավոր, խիստ հեռանկարային անհատականություն, ով, տարիքին ոչ բնորոշ հասուն տեխնիկայի հետ մեկտեղ, նաև վառ ընդգծված պանչեր է: Այս մարտից հետո նրա ծառայողական թերթիկն ունի հետևյալ տեսքը` տասներկու մարտ, նույնքան հաղթանակ, որոնցից ինը` նոկաուտով:
Երկրորդ մարտը 57 կգ քաշայիններ ամերիկացի Միգել Անգել Գարսիայի ու արգենտինացի, աշխարհի նախկին չեմպիոն Ջոնաթան Վիկտոր Բարոսի միջև էր: Դիմակայությունը նոկաուտով շահեց ամերիկացին` անպարտ մարտերի քանակը հասցնելով երեսունի (քսանվեցը` նոկաուտով. սա իսկապես երևելի ցուցանիշ է): Մարզաձևի սիրահարներին խորհուրդ կտայինք հիշել այս անունը: Վառ, ագրեսիվ խաղաոճով առանձնացող Գարսիային, համոզված եմ, շատ շուտով կտեսնենք աշխարհի չեմպիոնի կարգավիճում:
Ինչ վերաբերում է մեր հայրենակցի մարտին, այն միանշանակ տպավորություն չթողեց: Անվիճելի է, որ կուբացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի սանդղակում նրան մինչ այժմ հանդիպած առավել ուժեղ հակառակորդն էր: Մարտը մինչև իններորդ ռաունդը մոտավորապես ուներ հավասար ընթացք, թեպետ գնալով կուբացին ավելի լավ տպավորություն էր թողնում: Իններորդ ռաունդում Մարտիրոսյանը վնասվածք ստացավ, բժիշկն արգելեց շարունակել հանդիպումը: Գործի դրվեց մինչև այդ պահը մրցակիցների հավաքած միավորների հաշվարկի մեխանիզմը: Այն կողմերից և ոչ մեկին առավելություն չբերեց: Արդյունքում գրանցվեց ոչ-ոքի:
Առաջին ձեռքի տպավորությունով ի՞նչ կարելի է ասել Վանես Մարտիրոսյանի մասին: Անշուշտ, օժտված մարզիկ է, սակայն պատրաստվածության այս մակարդակում, լինենք անաչառ, դեռևս չի ձգում չեմպիոնության: Մյուս կողմից էլ, ասենք թե դարձավ չեմպիոն: Բռնցքամարտից գաղափար ունեցող որևէ մեկը կարո՞ղ է գոնե մտովի պատկերացնել Սաուլ Ալվարեսի հետ նրա հանդիպումը: Եթե կա այդպիսի մեկը, իմ ջերմ ողջույններն այդ վառ երևակայությունն ունեցողին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ